Արցախը միշտ իր ուրույն տեղն է ունեցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում։ Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը Արևելյան Հայաստանում ծավալված ազատագրական շարժումների հիմնական կենտրոններ են եղել: Մեր ժողովրդի պատմության բախտորոշ պահերին արցախցիները թշնամու դեմ պայքարի առաջին շարքերում՝ իրենց հայրենասիրությամբ ու արիությամբ նորանոր սխրանքների են կոչել սերունդներին:

Դեռեւս անցած դարի 20-ական թթ. սկզբներին, խորհրդային իշխանության ջանքերով Արցախի լեռնային մասը, առանց նրա հիմնական բնակչության՝ հայության կամքը հաշվի առնելու, կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ, բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ծրագրված աշխատանքներ էին սկսել Արցախը հայաթափելու համար: Այդ քաղաքականությունը նրանք կարողացան իրականացնել հայկական Նախիջևանում, որը բոլշեւիկյան ղեկավարության որոշմամբ նույնպես մտցվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Նախիջեւանի այդ ինքնավար հանրապետությունն ընդամենը մի քանի տասնամյակների ընթացքում լիովին հայաթափվեց եւ բնակեցվեց «ադրբեջանցի» անունը ստացած թուրքերով:

Լեռնային Արցախի բնակչությունը շուրջ 70 տարի անընդմեջ պայքարել էր ադրբեջանական իշխանությունների հայավեր քաղաքականության դեմ: Արցախն այդ երկարատեւ ու դաժան գոյամարտի տարիներին շատ անմեղ զոհեր է տվել, բայց կնճիռը մնացել էր անլուծելի: