Հայաստան տեղանունն ունի մի շարք բնորոշումներ: Հայկական լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում, տարբեր ժամանակահատվածներում ձևավորված թագավորությունները կոչվել են Հայաստան (օրինակ՝ Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի Հայկական թագավորությունները)։ Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից։

Ներկայումս ևս Հայաստան անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջին դեպքում Հայաստան (ՀՀ) անվանումը վերաբերում է պատմական Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայոց պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն։ Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես Հայաստանի Հանրապետության և փաստորեն (դե ֆակտո) գոյություն ունեցող Արցախի Հանրապետության միասնական անվանում (ոչ պաշտոնական)։ Երրորդ դեպքում Հայաստան ասելիս հասկանում ենք Պատմական Հայաստան։