Հարգելի՛ գործընկեր, որքան էլ ներկա ժամանակներում տեղեկատվական աղբյուրները բազմազան են և գրավիչ, գիրքը, միևնույն է, մնում է անփոխարինելի և կարևոր, ինչը նաև ձևավորում է գեղագիտական ճաշակ , աշխարհայացք, զարգացնում ստեղծագործական միտքը, երևակայությունը։
Մենք կարևորում ենք թեմայի ուսումնասիրությունը, քանի որ գրքի հետ «ընկերանալու» լավագույն ժամանակահատվածը տարրական դպրոցն է, երբ երեխան նոր է սովորում կարդալ և թերթում է գիրքը ոչ թե գունազարդմամբ հիանալու, այլ նորը սովորելու համար։
Տարրական դասարաններում ընթերցանության դասերի նպատակը հասկանալով, ճիշտ, սահուն և արտահայտիչ կարդալու կարողություններին տիրապետելն է: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, երեխային «ընկերացնել» գրքի և ընթերցանության՝ գիտելիքների, մտքերի, իմաստնության և փորձի «հանքի» հետ:
Դպրոցի խնդիրն է սովորեցնել երեխային ինքնուրույն, ինքնակամ փնտրել, ընտրել գիրք-զրուցակից, սովորեցնել լիարժեք շփվել գրքի հետ, այսինքն՝ ինքնուրույն ընթերցանություն: Ինքնուրույն ընթերցանությունը ինքնուրույն, առանց ուսուցչի, ծնողի, գրադարանավարի օգնության երեխայի շփումն է հասանելի գրականության հետ, որի ընթացքում աշակերտն ինքն է իր համար գիրք ընտրում և կարդում:
Որպեսզի աշակերտների մոտ սեր արթնանա ընթերցանության նկատմամբ, անհարաժեշտ է նրանց զարմացնել ընթերցանության գործընթացով: Կարևոր է խոսել կարդացածի մասին, գովել, խորհուրդ տալ, օգնել աշակերտներին զուգահեռներ անցկացնել հերոսների գործողությունների և սեփական կենսափորձի միջև:
Ուսուցիչը պետք է օգնի յուրաքանչյուր երեխայի գրքում տեսնել զրուցակցի , պետքական և իմաստուն ընկերների, սովորեցնի «խոսել» նրանց հետ, որպեսզի էլ ավելի լավ ճանաչի ինքն իրեն և շրջակա աշխարհը։
- Teacher: Իսկուհի Ասատրյան