
21-րդ դարում հանրակրթությունը նպատակ ունի ձևավորելու որոշակիկարողունակություններով զինված հայ քաղաքացի, որը պատրաստ է դիմագրավելու ցանկացած փոփոխության, քննական վերլուծության ենթարկելու իրադրությունը, մշակելու քայլեր, առաջարկելու փոփոխություններ, գործելու հանուն հանրության, հանուն իր երկրի բարօրության, պետականության ամրապնդման և բարգավաճման:Հայոց (մայրենի) լեզվի, գրականության, հայ գրականության դասավանդումը բացառիկ դեր ունի անհատի, պետականամետ հայ քաղաքացու արժեքային համակարգի, նրա բարոյական նկարագրի ձևավորման գործում: Հայոց լեզվի և գրականության դասավանդման ընթացքում մշակվում և ամրապնդվում է այն դիրքորոշումը, որ հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու, անկախ պետականության պահպանման, զարգացման կարևորագույն երաշխիքն է, որը անփոխարինելի դեր ունի ինչպես հենց իր՝ սովորողի, այնպես էլ ողջ հայ ժողովրդի կյանքում: Սովորողը հայոց լեզվից, գրականությունից գիտելիք, որոշակի հմտություններ ձեռք բերելով հանդերձ՝ ուսումնասիրում է իր մայրենի լեզուն՝ որպես իր ինքնության բացահայտման և դրսևորման, որպես հաղորդակցման և համագործակցության, որպես այլ ոլորտներից գիտելիք ձեռք բերելու, օտար լեզու սովորելու անփոխարինելի միջոց: Մայրենի լեզվի, գրականության ուսումնասիրությունը ձևավորում է որոշակի վերաբերմունք և դիրքորոշում հայեցի ոգու, ազգային արմատների պահպանման և ամրապնդման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս խորությամբ ընկալելու հայ մարդու արժեքային համակարգը, ժողովրդի կենցաղը, նիստուկացը, հավատալիքները, ավանդույթները, սովորույթները: Ազգային ոգին և մշակույթը արժևորելու, գնահատելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու պատրաստակամությամբ և գործուն մասնակցությամբ դաստիարակվում է հայրենասեր, պետական մտածողություն ունեցող, օրինապահ, բարեկիրթ, ներդաշնակ զարգացած անձնավորություն, որը պատրաստ է սովորելու ողջ կյանքի ընթացքում:
- Դասախոս: Մարիա Սահակյան