«Սասունցի Դավիթ» էպոսը 

Դասընթացի նպատակները՝

  • Ճանաչել «Սասնա ծռեր» էպոսի ազգային, գաղափարական և գեղարվեստական արժեքները,

  • Սովորել ընկալել ժողովրդական էպոսի կառուցվածքը, հերոսների կերպարները և դրանց խորհրդանշական նշանակությունը,

  • Զարգացնել բանավոր խոսքի, վերլուծական մտածողության և ստեղծագործական արտահայտման հմտությունները։                                                                                                    Դասընթացի խնդիրները՝ 

    • Բացահայտել, թե ինչ է էպոսը և ինչ տեղ ունի այն ժողովրդի գրականության մեջ,

    • Ներկայացնել «Սասնա ծռեր»-ի հիմնական մասերը և հերոսներին,

    • Բացատրել հերոսների խորհրդանշական կերպարները (Սանասար, Բաղդասար, Դավիթ, Մհեր),

Ներկայացնել էպոսի գաղափարական հիմքը՝ հայրենասիրությունը, արդարության և ուժի պաշտամունքը։                                                                                                                                                                                                                      

«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»

Հովհաննես Թումանյան

Ազգային էպոսը նկարագրում է տվյալ ազգի կամ էթնոսի ծագումը, զարգացումը և պատմությունը: Այն նաև օգնում է փոխանցել ազգի ինքնորոշման կամ ինքնաճանաչման դրվագները և բազմաթիվ ազգային խորհրդանիշների առաջացման պատմությունը:

Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

հայոց ազգային էպոսը / Սասունցի Դավիթ  

Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:

1939 թ-ին՝ վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ, 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին: